Թրամփը խաղարկում է չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին տեսությունը. AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմի մի քանի անդամներ խաղարկում են այն տեսությունը, որ նոր կորոնավիրուսի պատճառն է դարձել չինական լաբորատորիայից դրա արտահոսքը: Նրանք փորձում են առանց ծանրակշիռ ապացույցների Չինաստանին մեղադրել Միացյալ Նահանգներում COVID-19 հիվանդության տարածման եւ դրա հետեւանքով մահվան դեպքերի մեջ, հայտնում է AP-ն:
«Մենք այդ պատմությունն ավելի ու ավելի շատ ենք լսում»,- ասում է Թրամփը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հավելում է. «Այն փաստը, որ մենք պատասխանները չգիտենք,- որ Չինաստանը տեղեկությունները չի փոխանցել,- կարծում եմ՝ շատ ու շատ հատկանշական է»:
Փորձագետների գերակշիռ մեծամասնությունը, սակայն, ասում է, որ նոր կորոնավիրուսի գենոմի անալիզը բացառում է հնարավորությունը, որ այն մարդիկ են ստեղծել, ինչպես ենթադրում են դավադրության մի քանի տեսություններ:
Նրանց խոսքով՝ քիչ հավանական է, որ վիրուսը հայտնվեր Չինաստանի լաբորատորիայում անփութության հետեւանքով: «Ես այս վարկածը կներառեի 1000 տարբեր սցենարների ցուցակի մեջ»,- ասել է Յելի համալսարանից Նաթան Գրեբոն, որն ուսումնասիրում է մանրէային հիվանդությունների համաճարակաբանությունը:
Գիտնականներն ասում են, որ վիրուսն առաջացել է չղջիկների մոտ բնական ճանապարհով: Հիմնական վարկածն այն է, որ մարդկանց վարակումը սկսվել է Ուհանի կենդանիների շուկայում, հավանաբար՝ կենդանուց, որը վիրուսով է վարակվել չղջիկից:
Այդուհանդերձ, Պոմպեոն եւ մյուսները մատնացույց են անում ինստիտուտը, որը Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ենթակայության ներքո է եւ հեղափոխական հետազոտություններ է անցկացրել՝ ուսումնասիրելով ատիպիկ թոքաբորբի վիրուսի ծագումը: «Մենք գիտենք, որ Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտը ընդամենը մի քանի մղոն է հեռու այն վայրից, որտեղ տեղակայված է շուկան»,- չորեքշաբթի Fox News-ին ասել է Պոմպեոն:
ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Պեկինում ամերիկյան դեսպանությունը մտահոգություն է հայտնել 2018 թվականին Ուհանի լաբորատորիայում անվտանգության պոտենցիալ խնդիրների կապակցությամբ, բայց ընդգծել է՝ ոչ մի ապացույց չկա, որ գրեթե 2 տարի անց վիրուսն այնտեղ է առաջացել:
Այս ամենը վկայում է այն մասին, որ երկու համաշխարհային տերություններն էլ չեն հրաժարվում երերուն տեսություններից եւ քարոզչությունն օգտագործում են, որ ուշադրությունը շեղեն համավարակի վերաբերյալ իրենց պատասխանի հետ կապված խնդիրներից: Չինաստանում ավելի վաղ հայտարարել էին, որ վիրուսը երկիր են բերել ամերիկացիները:
Չինաստանը եւ ԱՄՆ-ն որոշիչ ժամանակ են ծախսել բռնկմանն արձագանքելու համար: Ավելի քան 3000 մարդ վարակվել էր դեռ մինչեւ Չինաստանի կառավարության կողմից հանրությանը համաճարակի հավանականության մասին տեղեկացնելը:
ԱՄՆ-ն նույնպես ուշ է արձագանքել սպառնալիքի ծանրությանը եւ հետ է մնում մի շարք այլ երկրներից, երբ գործը հասնում է պատասխան գործողություններին: Թրամփը չկարողացավ կատարել բավարար փորձարկումներ անցկացնելու իր խոստումը, ԱՄՆ-ն դեռ ուժի ներածի չափով քաոսի այս մթնոլորտում փորձում է ապահովել հիվանդանոցներն ու հիվանդներին անհրաժեշտ իրերով: Միացյալ Նահանգներում ավելի քան 640 000 մարդ վարակվել է COVID-19-ով, ավելի քան 31 000 մարդ մահացել է: Այս ֆոնին քավության նոխազների օգտագործումն արդիական է: Համաճարակի դեմ պայքարում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հասցեին մի քանի շաբաթ տեւած գովասանքներից հետո Թրամփը սկսել է մեղադրել Չինաստանին եւ դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
Միացյալ Նահանգներում պնդումներն այն մասին, որ վիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիաներում կամ դուրս է եկել չինական լաբորատորիայից, հայտնվեցին բռնկումը սկսվելուց մի քանի շաբաթ անց եւ արագ տարածվեցին` ծայրամասային կայքերից դեպի լայն հանրություն, ինչին նպաստեցին բոլոր տեսակի դավադրության տեսաբանները:
«Իրականությունն այլ է»,- նշում է Մայոյի կլինիկայի պատվաստանյութերի հետազոտման բաժանմունքի ղեկավար, դոկտոր Գրեգորի Պոլշան: «Այս վիրուսը չղջիկների տիպիկ կորոնավիրուս է, որը զարգացրել է այլ կաթնասունների վարակելու ունակությունը, իսկ չղջիկները նույնպես կաթնասուններ են,- ասել է նա:- Ակնհայտ է դառնում, որ վիրուսի բնական ծագումը համապատասխանում է փոխանցման դինամիկային եւ կենսաբանությանը»:
Այնուամենայնիվ, Թրամփի պաշտոնյաները չընդունեցին հեռու գնացող այն տեսությունը, որ Չինաստանը կարող էր ստեղծել կամ բաց թողնել վիրուսը գենային ինժեներիայի օգնությամբ կամ չարամտությամբ:
«Ես հատուկ հավատ չունեմ առ այն, որ այժմ նրանք (Չինաստանը) ճշմարտացի են մեզ հետ»,- հինգշաբթի հայտարարել էր պաշտպանության նախարար Մարկ Էսփերը: Այնուամենայնիվ, «կարծիքների մեծ մասն այժմ այնպիսին է, որ այս վիրուսը բնական ծագում ունի»: «Համավարակը հաղթահարելուն պես մենք հնարավորություն կունենանք հետ նայել եւ իսկապես պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել էր նա: