Գերմանիայում կորոնավիրուսով վարակման գործակիցը մեկից ցածր է. Մայիսի 4-ից դպրոցները կվերսկսեն իրենց աշխատանքը
Կորոնավիրուսով վարակման մակարդակը, որը նշվում է որպես «R», Գերմանիայում հնարավոր է եղել իջեցնել մեկից ցածր: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտըը: Ըստ ինստիտուտի տվյալների` չորեքշաբթի այդ ցուցանիշը 0.9 տոկոս է կազմել, իսկ հինգշաբթի` նույնիսկ 0.7, փոխանցում է DW- ն:
Եթե R-ի գործակիցը մեկից ցածր է, նշանակում է, որ վիրուսի մեկ կրողը միջինում մեկից քիչ մարդու է վարակում, հետեւաբար, վարակվածների թիվը նվազում է: Գերմանիայում հայտարարված կարանտինային սահմանափակումների նպատակը R-ն մինչու 1.0 կամ նույնիսկ ավելի ցածր իջեցնել է, ինչպես բազմիցս ասել է ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլերը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ վարակի գործակիցը կարեւոր չափանիշ է երկրում կարանտինային սահմանափակումների աստիճանական հանման համար:
Երկուշաբթիից Գերմանիայում կթույլատրեն բացել մինչեւ 800 քմ մակերեսով խանութները: Մայիսի 4-ից դպրոցները կվերսկսեն իրենց աշխատանքը: