ԱՄՆ-ում հավանություն է ստացել կորոնավիրուսի ախտորոշման նոր թեստը
Ամերիկյան Food and Drug Administration-ը (FDA) հավանություն է տվել կորոնավիրուսի ախտորոշման համար նոր թեստերի կիրառմանը, որոնք մշակել է Rutgers University-ն:
Ինչպես հայտնում է cnbc.com-ը, նոր թեստը COVID-19-ը ախտորոշում է թքի միջոցով, այլ ոչ քթի կամ կոկորդի քսուքի: Մասնագետների գնահատմամբ՝ այսպիսի թեստի շնորհիվ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետազոտման քանակը կարելի է հասցնել օրական մինչեւ 10 հազարի:
Պրոֆեսոր Անդրյու Բրուքսը (լուսանկարում) ասել է, որ այս թեստը խաղի կանոնները կփոխի 3 մակարդակում. առաջին՝ այն կօգնի հաղթահարել վիրախծուծների գլոբալ պակասի խնդիրը, որով քթից եւ կոկորդից քսուք են վերցնում (այս թեստն անցկացնելու համար պացիենտը պետք է թքի բաժակի մեջ. ոչ մի վիրախծուծի կարիք չկա): Դրանից բացի, թեստի համար նմուշառում կատարելու համար մասնագետները ստիպված չեն լինի հագնել պաշտպանական վիթխարի հանդերձանքը (քանի որ քսուք վերցնելու համար մասնագետը պետք է պացիենտին բավական մոտենա, իսկ դա մեծացնում է վարակվելու հավանականությունը, իսկ նոր թեստի դեպքում պետք չէ պացիենտին շատ մոտենալ): Երրորդ՝ թքի ծավալն ավելի մեծ է, քան քթից եւ կոկորդից վերցրած քսուքի ծավալը, իսկ որքան շատ է հետազոտվող կենսաբանական նյութը, այնքան մեծ է ճշգրիտ արդյունք ստանալու հավանականությունը, պարզաբանել է մասնագետը:
Նրա խոսքով՝ թեստի արդյունքները պատրաստ են լինում 24-48 ժամում այն բանից հետո, երբ կենսաբանական նյութը հասնում է լաբորատորիա:
«Մեր լաբորատորիան օրական 10 հազար թեստ անցկացնելու հնարավորություն ունի»,- ասել է պրոֆեսորը՝ հավելելով, որ FDA-ի իրավազորության շնորհիվ շատ այլ լաբորատորիաներ նույնպես կկարողանան անցկացնել այդ կարգի թեստավորում: