Թրամփը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռուսաստանին ԹԱՕ սարքեր տրամադրելու պատրաստակամության մասին
Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանին տրամադրել թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ որպես նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում օգնություն: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ թվում է Ռուսաստանին անհրաժեշտ կլինեն թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նրանց համար հիմա դժվար է Մոսկվայում: Մենք նրանց կօգնենք»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:
«Մենք կօգնենք մյուս երկրներին, որոնք թոքերի արհեստական օդափոխության սարքերի կարիք ունեն: Մենք [այդ բժշկական տեխնիկայից] շատ կունենանք»,- ասել է Թրամփը: Նա նաեւ թվարկել է մի շարք եվրոպական երկրների՝ որպես նոր կորոնավիրուսի բռնկմամբ առաջացած համավարակի հետ կապված ԱՄՆ օգնության հավանական ստացողներ: «Մենք կօգնենք Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, մյուս երկրներին: Վճռական ենք նրանց օգնելու հարցում»,- խոստացել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը:
Ռուսաստանն ավելի վաղ ԱՄՆ-ին էր տրամադրել բժշկական պարագաների խմբաքանակ՝ որպես օգնություն նոր կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Այդ բեռը ապրիլի 1-ին Նյու Յորքի Քենեդու անվան միջազգային օդանավակայան էր հասցվել Ռուսաստանի ՕՏՈՒ Ան-124 օդանավով: Ապրիլի 3-ին Թրամփը օգնությունն անվանել էր Ռուսաստանի չափազանց սիրալիր քայլ: Ընդ որում՝ նա շեշտել էր, որ Ռուսաստանը տրամադրել է «բարձրորակ բժշկական պարագաներ»: «Սա կարող է մեծ թվով կյանքեր փրկել»,- այդ ժամանակ ասել էր Թրամփը: