«Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի». Փաշինյանը Կառավարության նիստը սկսել է՝ շնորհավորելով ոստիկանության օրվա առթիվ
Այսօր Ոստիկանության օրն է, պարոն Սարգսյան, թույլ տվեք ձեզ եւ ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորել այս կարեւոր տոնի կապակցությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կոչ արեց բոլորին ծափերով ողջունել ոստիկանությանը:
«Ոստիկանությունը ցանկացած պետության, ինչպես նաեւ մեր պետության իրավակարգի պահպանության կարեւորագույն ինստիտուտներից մեկն է եւ իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ մինչեւ տնտեսական եւ քաղաքական ազատությունների պահպանման եւ կիրառելիությանմակարդկաը: Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության եւ հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, եւ այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն, լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ: Դա մեր օրակարգի կարեւորագույն խնդիրներից է:
Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Ճիշտն ասած, արդեն ապրիլի 1-ից պետք է սկսեին գործողություններ այդ ուղղությամբ, բայց համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց, այնուամենայնիվ բարեփոխումները շարունակվում են մնալ մեր օրակարգի կարեւոր առաջնահերթություններից մեկը:
Այդ օրակարգում երկու կարեւոր հենասյուն կա. առաջինը հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, եւ երկրորդը՝ ոստիկանության աշխատնքւի արդյունավետությունը: Նաեւ կարեւոր է այս համատեքստում ոստիկանության իմիջի բարեփոխումը: Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի եւ պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, այն հավակնություններին, որ մեր պետությունն ու ժողովուրդը ձեւակերպում է»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այսօրվա կարանտինային վիճակը հաշվի առնելով այսօր ոստիկանության օրը նշվելու է հնարավորինս սահմանափակ շրջանակում. «Համոզված եմ, որ այս տարվա բաց թողնվածը հաջորդ տարի կլրացնենք»:
Փաշինյանը կոչ արեց հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի օրենքը, իրավունքը, իրավակարգը պաշտպանելիս: