Մոսկվայում հայի ծեծի ենթարկելու տեսանյութը հայտնվել է համացանցում (Տեսանյութ)
Այսօր սոցցանցերում հրապարակվել է Մոսկվայում ՃՏՊ-ի աշխատակիցների կողմից ազգությամբ հայ տղամարդու դաժան ձերբակալման տեսանյութը: Տեսանյութին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է ապրիլի 13-ի առավոտյան Յուժնոյե Տուշինո թաղամասում, իսկ վարորդը Ռուսաստանի քաղաքացի Վաչագան Հովասափյանն է:
Նշվում է նաեւ, որ ձերբակալման ընթացքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել վարորդին, ինչի հետեւանքով տղամարդը ուղեղի ցնցում, դեմքի ոսկորների կոտրվածքներ եւ բազմաթիվ կապտուկներ է ստացել:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին հաջողվել է կապ հաստատել Վաչագանի եղբոր` Արտակ Հովասափյանի հետ եւ պարզել, որ երկու եղբայրները ծնվել եւ մեծացել են Մոսկվայում, այժմ սովորում են Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում եւ զբաղվում են սպորտով: Արտակի խոսքով` իր եղբորը կանգնեցրել են հանդիպակած գծով ավտոմեքենան վարելու համար, որը, ինչպես նա պնդում է, ձերբակալման վայրում բացակայում է. կա եզրային գիծ, ինչը կարող է հաստատել միջադեպի ականատեսը:
Արտակ Հովասափյանը հայտնել է, որ իր եղբոր հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել Ճանապարհային ոստիկանության աշխատակցի հրաժարվելը վերադարձնել վարորդական իրավունքը, ինչից հետո, ըստ Արտակի, Վաչագանին գցել են գետնին եւ ծեծի ենթարկել: Դեպքի ականատեսը` տեղի բնակչուհին, շտապօգնություն եւ ոստիկանություն է կանչել` Վաչագանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից պաշտպանելու համար: Ինքը` Արտակ Հովասափյանը, դեպքի վայր է ժամանել եղբոր զանգից հետո, սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Վաչագանին տարել էին Քննչական մեկուսարան` չսպասելով շտապօգնության անձնակազմի ժամանմանը. բժիշկները ստիպված էին Վաչագանին հիվանդանոց տեղափոխել արդեն Քննչական մեկուսարանից: Արտակ Հովասափյանի խոսքով` նույն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր իր եղբորը ծեծի էին ենթարկել, Վաչագանի հետ միասին հիվանդանոց էին եկել եւ գետնով քարշ տալով նստեցրել են նրան ավտոմեքենան եւ տարել հիվանդանոցից:
Վաչագան Հովասափյանն ու վկան, ով տեսագրել էր ծեծի միջադեպը, արդեն իսկ մի քանի դիմում են ներկայացրել տարբեր իրավապահ մարմիններին, ինչին հաջորդել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների պատասխան դիմումներն այն մասին, որ Վաչագանը հարվածել է իրենց: «Նա անձամբ է ինձ ասել, որ մատով չի կպել: Եվ նա ինքնին բռնկվող մարդ չէ: Բացի այդ, նա ախտորոշում ունի` վահանագեղձի հիվանդություն, ինչը հաստատում է նրա դանդաղկոտությունը գործողությունների ժամանակ, եւ նա, ապրիորի կերպով, չէր կարող հարձակվել եւ, առավել եւս, ծեծի ենթարկել»,- ասել է Արտակ Հովասափյանը:
Այժմ դատավարություն է սկսվել, Վաչագան Հովասափյանը գտնվում է կասկածյալի կարգավիճակում Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով` պետական ծառայողների դեմ ուժի գործադրման մասին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում: