ԵԽԽՎ-ի բանաձեւերն ինձ համար ոչ այլ ինչ են, քան թղթի կտոր. Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրախորհրդին և ԵԽԽՎ-ին մեղադրել է բոլոր հնարավոր մեղքերի համար` այն պատճառով, որ այն չի դատապարտել Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները: Քննադատություն է հնչեցվել է ապրիլի 14-ին կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է Turan-ը:
«20 տարի շարունակ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն անում է հնարավոր ամեն ինչ` Ադրբեջանին արատավորելու, զրպարտելու եւ հեղինակազրկելու համար: Ինչու՞ է ԵԽԽՎ-ն լռում: Քանի որ այնտեղ հավաքված հակաադրբեջանական ուժերը, հայամետ ուժերն Ադրբեջանին որպես թշնամի են ընկալում: Այս կազմակերպությունից մեզ ուղղված բոլոր պահանջները որեւէ նշանակություն չունեն: Ես ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել. նրանց կողմից ընդունված բանաձեւերը, որոշումները ինձ համար ոչ այլ ինչ են, քան թղթի կտոր: Այս կազմակերպության կարծիքն Ադրբեջանի մասին ինձ չի հետաքրքրում եւ երբեք չի հետաքրքրել: Կան նաեւ Ադրբեջանի մասով զեկուցողները, նրանք նույնպես լռում են, ոչինչ չեն ասում: Հենց որ այստեղ ինչ-որ աննշան իրադարձություն է տեղի ունենում, նրանք փրփրած մեր երկիրը ստով եւ հերյուրանքով են հեղեղում: Ինչու՞ են նրանք լռում: Դրանից հետո նրանք կորցրեցին Ադրբեջանի համար զեկուցող լինելու իրենց բարոյական իրավունքը: Ադրբեջանի ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում է: Այն տեսնում է, որ նրանց խղճուկ հայտարարությունների հետեւում ամենեւին էլ ժողովրդավարության եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը չէ: Այս կառույցի նպատակն Ադրբեջանին արատավորելն է, հեղինակազրկելը եւ այդպիսով հարված հասցնելն է մեր երկրի շահերին»,- ասել է Ալիեւը: