Թուրքիայում սեռական որոշ հանցագործությունների համար դատապարտված կալանավորներին ազատ կարձակեն
Թուրքիայում սեռական որոշ հանցագործությունների՝ կանանց հանդեպ հարձակման, շանտաժի, սպառնալիքի, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիայի հրապարակման համար դատապարտված կալանավորները ներառվել են համաներման մասին օրենքի նախագծի մեջ, որը, կորոնավիրուսի հետ կապված, ընդունել է երկրի խորհրդարանը։ Այս մասին հայտնել է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից պատգամավոր Զուլեյխ Գյուլումը, տեղեկացնում է Ahval-ը։
Այս օրենքի ընդունման հետեւանքով կարող է ազատ արձակվել 90 000 դատապարտյալ, որը լեփ-լեցուն բանտերում կորոնավիրուսի տարածման սպառնալիքը մեղմացնելու փորձ է։
Արդարադատության նախարարն ասել է, որ հինգ բանտերում 17 կալանավոր վարակվել է կորոնավիրուսով, երեքը մահացել են։
Ի սկզբանե նախագիծը ներառել է նաեւ սպանությունների եւ բռնաբարությունների համար դատապարտվածներին, սակայն համատարած բողոքներից հետո նրանք հանվել են այնտեղից։
Գյուլումը նշել է, թե սեռական որոշ հանցագործություններ կատարած անձինք, այնուամենայնիվ, վերջին պահին ներառվել են նախագծում։