Ոստիկանապետի գործողությունների մասով քրգործ է հարուցվել. ինչ պատիժ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկաններ գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին` նրանից խլել էին հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։
Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։
Եւ առաջին, եւ երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, բողոքների մասով քրեական գործ է հարուցվել։ Թե ինչ ընթացք ու ավարտ կունենա քննությունը, դեռ վաղ է ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում