Սելենա Գոմեսը՝ փոխպատվաստված երիկամի, դեպրեսիաների ու նոր ալբոմի մասին
Սելենա Գոմեսը նկարահանվել է «Interview» ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար եւ անկեղծորեն պատմել կյանքի ու կարիերայի մասին՝ մանկությունից մինչեւ պայքար դեպրեսիայի դեմ եւ նրա ալբոմի՝ «Rare»-ի թողարկում։
«Ես չէի պատրաստվում հանրային մարդ դառնալ։ Այդ պատճառով, երբ այդ ամենը տեղի ունեցավ, ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից։ Այն, թե ինչպես էին զանգվածային լրատվության միջոցները երբեմն բացատրում ամեն, ինչ տեղի էր ունենում իմ կյանքում, իսկապես սարսափելի էր հնչում։ Թեեւ իրականում ոչ մի վատ բա չկա նրանում, որ ինձ հարկավոր էր կարիերայում դադար վերցնել կամ պարզապես սիրահարվել»,- պատմել է երգչուհին։
Նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի հետ Սելենա Գոմեսի բարդ հարաբերությունները, ինչպես նաեւ նրա հոգեկան առողջությունը երկար ժամանակ քննարկման առարկա էին։ Իսկ վերջերս նա հայտնել է բիպոլյար խանգարման մասին։ Սակայն առողջական խնդիրները սկսվել են դեռ 2013թ.-ին, երբ նա դադարեցրեց Stars Dance շրջագայությունը՝ գայլախտի դեմ բուժման կուրս ստանալու համար։ Հենց այդ ժամանակ էլ Սելենան խոստովանեց, որ իր մոտ հաճախ են խուճապային գրոհներ եւ դեպրեսիա գրանցվում (աուտոիմուն հիվանդության կողմնակի ազդեցություններ)։
2017թ.-ին Գոմեսը երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել։ Իսկ հունվարին աստղը թողարկել է «Rare» երկար սպասված ալբոմը։ Սա նրա առաջին սկավառակն է վերջին հինգ տարիների ընթացքում։ «Lose You to Love Me» սինգլը Սելենայի համար ապահովել է առաջին տեղը Billboard Hot 100-ում։
Այժմ Սելենան ջանասիրաբար աշխատում է կոսմետիկայի իր նոր ապրանքանիշի՝ Rare Beauty-ի վրա, որն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կհայտնվի այս ամռանը։ «Իմ սերնդի երիտասարդները ճնշում են զգում, նրանց ասում են, որ նրանք պետք է որոշակի տեսք ունենան։ Ես կուզենայի, որ դա ավարտվեր։ Հենց այդ պատճառով իմ ապրանքանիշի գովազդային արշավի հերոսներն են դարձել սովորական մարդիկ»,- նշել է նա։