Կառավարությունը կփոխհատուցի փետրվարին 10 000-30 000 դրամի գազ և 5000-10 000 դրամի հոսանք սպառած բնակիչների ծախսի 30 տոկոսը. նոր որոշում
Կառավարությունն ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։
Որոշման համաձայն՝ միջոցառման շահառու են գազ և էլեկտրաէներգիա սպառած այն բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են՝
- բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
- էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020թ. ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:
Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Այդ դեպքում պետությունը փոխհատուցելու էր ծախսի 50 տոկոսը:
30 տոկոսը փոխանցվում է բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար։