ԱՄՆ Սենատը սկսել է կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառների հետաքննություն
ԱՄՆ Սենատի հսկողական կոմիտեն սկսում է կորոնավիրուսի համավարակի առաջացման, ինչպես նաեւ դրան արձագանքելու համակողմանի քննություն, հայտարարել է Սենատի ազգային անվտանգության եւ կառավարության գործերով կոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնը, հայտնում է Politico-ն:
Ջոնսոնի խոսքով՝ իր ղեկավարած կոմիտեն պատրաստվում է այս գործով «ամբողջական» հսկողություն իրականացնել:
Նա թվարկել է հետաքննության մի քանի տարրեր՝ ինչո՞ւ ազգային պաշարներն ավելի լավ նախապատրաստված չէին, ինչո՞ւ են բժշկական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումները արտադրվում արտասահմանում, կորոնավիրուսի նկատմամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձագանքը եւ կորոնավիրուսն ինչպե՞ս է առաջին հերթին տարածվել:
Միաժամանակ հստակ չէ, թե որքանով մանրակրկիտ կհետաքննվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, քանի որ Ջոնսոնը եւ Սենատում մեծամասնություն կազմող մյուս հանրապետականները հիմնականում կենտրոնացած են Չինաստանի եւ ԱՀԿ-ի վրա:
«Այս ամենը որտեղի՞ց սկսվեց: Արդյոք սա կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել: Արդյոք սա տարածվել է Չինաստանում լաբորատորիայի՞ց: Հնարավոր է՝ սա տեղի է ունեցել լավագույն մտադրություններով՝ տարբեր բուժումներ, ընդհանրապես կորոնավիրուսի տարբեր թերապիաներ մշակելու նպատակով»,- հայտարարել է Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ Սենատը նաեւ պետք է իմանա, թե ինչ դերակատարում կարող էր ունենալ ԱՀԿ-ն տեղի ունեցողը թաքցնելու փորձերում:
Սենատի կոմիտեի ղեկավարը հավելել է, որ սենատոր Ռիք Սքոթին հանձնարարել է ղեկավարել ԱՀԿ-ի դեմ հետաքննությունը: