Կորոնավիրուսի պատճառով Թուրքիան բանտերից ազատել է տասնյակ հազարավոր բանտարկյալների
Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն կորոնավիրուսի պատճառով բանտերից կազատեն տասնյակ հազարավոր բանտարկյալների քրեակատարողական հաստատություններում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու եւ բանտարկյալների առողջությունը պաշտպանելու համար, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ ընդունված որոշումը չի տարածվում անձանց վրա, որոնք պատիժ են կրում ահաբեկչության մեղադրանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ իշխող կուսակցությունն աջակցել են օրենքը, որին կողմ է քվեարկել 279 խորհրդարանակն, դեմ՝ 51:
Օրենքի համաձայն՝ բանտերից ժամանակավորապես, մինչեւ մայիսի վերջ կազատվեն մոտ 45 հազար բանտարկյալներ, իսկ արդարադատության նախարարությունը իրավունք կստանա բանտարկյալների ազատման ժամկետը 2 անգամ երկարացնել առավելագույն 2 ամիս ժամկետով:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է բանտարկյալների շրջանում կորոնավիրուսով վարակման 17 հաստատված դեպքի մասին: Նրանցից երեքը մահացել է: Բանտային անձնակազմից 79 մարդու մոտ կորոնավիրուսը հաստատվել է: Դրանից բացի, կորոնավիրուսով են վարակվել 80 դատավորներ, դատախազներ, արդարադատության նախարարության աշխատակիցներ եւ դատաբժշկական փորձագետներ: