Ով չի համաձայնվում վաճառել Յուքոմի բաժնեմասերը. Մանրամասներ բանակցություններից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Յուքոմ ընկերության շուրջ բարձրացած աղմուկը չի դադարում:
Հիշեցնենք, որ երբ ՊԵԿ նախկին նախագահ, այսօր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Խաչատրյանի որդիները Յուքոմի հիմնադիր Հայկ եւ Ալիկ Եսայաններին հայտնել էին, որ «Վեոն Արմենիա»ընկերության` «Բիլայնի« հետ ցանկանում են միավորել Յուքոմը եւ տնօրեն նշանակել Բիլայնի տնօրենին, Եսայանները ներսից «պայթեցրին» Յուքոմը` առաջարկելով մեկ տարբերակ. վաճառել մոտ 94,06 տոկոս բաժնեմասերը եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Խաչատրյանները չեն համաձայնվում առաջարկված 22 մլրդ 100 մլն դրամ գնին, պահանջելով ավելին: Դրա համար մինչ օրս անորոշությունը շարունակում է իշխել Յուքոմում եւ դրա շուրջ:
Հիշեցնենք նաեւ, որ Յուքոմ ընկերության մեծ բաժնետերեր են ՊԵԿ նախկին նախագահի Գագիկ Խաչատրյանի հարազատները։ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն ունեն յուրաքանչյուրը 11.9 տոկոս բաժնեմաս, իսկ նրանց հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է բաժնեմասերի 24.34 տոկոսը։ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առեւտրային «Ֆորա բանկ»-ն ունի 10.5 տոկոս բաժնեմաս։ Օֆշորային «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն ունի 29.09 տոկոսի չափով բաժնեմաս, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուրիկ Պողոսյանը, որը նաեւ Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է, ունի 6.3 տոկոս բաժնեմաս։
Ինչ վերաբերում է «Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ եւ Ալեքսանդր Եսայաններին, ապա նրանցից յուրաքանչյուրն ունի 2.97 տոկոս բաժնեմաս։
Եւ հիմա, թեեւ այսքան մարդ ընկերության մեջ մասնաբաժին ունի, այնուամենայնիվ, խնդիրը միայն Խաչատրյանների եւ Եսայանների միջեւ է, մնացածները պատրաստ են ցանկացած գործարքի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։