Քաղաքապետարանում տեղյա՞կ են «թաղման բյուրոյի» անօրինականություններից. բոլորը լարված են. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ մարդիկ չեն աշխատում, ապրելու միջոցներ չկան, որոշ գործատուներ չեն խորշում մարդկանց անօրինական եղանակներով գործից ազատելուց։ Մեզ են դիմել քաղաքացիներ, որոնք աշխատել են Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում (համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն), որը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման եւ ոլորտին առնչվող մյուս գործառույթները: Հանրության շրջանում հայտնի «թաղման բյուրոն», ըստ աշխատակիցների, բազում խախտումներով է աշխատում։
Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Նախկին աշխատակիցներից մեկը պատմում է, որ գերեզմանատների վարիչների եւ հսկիչների վրա «նալոգ» են դնում, որպեսզի ամեն ամիս գերեզմանատեղ վաճառեն եւ «մուծվեն» ղեկավարությանը։
Իսկ այս աշխատանքը «բարեխղճորեն» համակարգում է տնօրենի տեղակալ Ստեփան Պետրոսյանը՝ ամեն անգամ զանգելով եւ իրենց հասանելիքը պահանջելով։ ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատմում են նաեւ, որ եթե հրաժարվում են այս մեթոդով աշխատելուց, անհիմն ու անհեթեթ պատճառներով ազատվում են աշխատանքից։ Ավելին, ոմանց դեպքում անգամ աշխատանքի ընդունվելիս նախապես ազատման դիմումներ են գրել տալիս, որպեսզի իրենց հարմար պահի գործից ազատեն՝ առանց լուրջ հիմնավորումների։ Ստեփան Պետրոսյանն անգամ սպառնացել է հսկիչներին, որ իրենց առաջարկած տարբերակով չաշխատելու դեպքում պետք է դիմում գրեն ու ազատվեն աշխատանքից։
ՀՈԱԿ-ի ղեկավարությունը նաեւ սեփական մարդկանց է տեղավորում աշխատանքի, որոնք գոհացնում են տնօրենին եւ նրա տեղակալին։ Աշխատանքային մեկ տարին նոր բոլորած տնօրենը սեփական բարեկամներին եւս աշխատանքով է ապահովել։ ՀՈԱԿ-ում աշխատանքի է անցել Իսկանդարյանի աներձագը, տեղակալն էլ հետ չի մնում, նրա ընկերը եւս աշխատանքի է անցել այստեղ։
Հիմնարկում տիրող վախի մթնոլորտը բոլոր աշխատակիցներին է լարված պահում, նրանք խնդիրներից չեն խոսում, որովհետեւ աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ են կանգնելու, իսկ այս օրերին բավական խնդրահարույց է նոր աշխատանք գտնելը։
Ի դեպ, աշխատանքային պայմաններից եւս մեկ դրվագ պատմեցին։ Փակ գերազմանատներում հուղարկավորություններն անօրինական կերպով են կատարվում, այսինքն՝ անօրինական նոր տեղ են հատկացնում՝ պաճառաբանելով իբր այնտեղ նախկինում իրենց հարազատներն են թաղված եղել։ Մինչդեռ, ըստ աշխատակիցների, փակ գերեզմանատներում չի թույլատրվում նոր տարածք հատկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: