Ծեծված սպայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՊՆ մամուլի խոսնակ. 168.am
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Դրական տեղաշարժ կա, վերականգնվել է կլման ակտը (բերանով, ըմպանով եւ կերակրափողով սննդի անցման դժվարացումն է, դանդաղումը կամ անհնարինությունը,- Ա.Հ.), բայց սպան դեռ կոմայի մեջ է»,- ասել է Ստեփանյանը:
2019-ի սեպտեմբերի 18-ին սպան անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել եւ վիրահատվել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 6-րդ կետ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը կալանավորվել էին: Նրանցից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Վերջինի խափանման միջոց կալանքը Վերաքննիչի որոշմամբ մարտի 6-ին փոխարինվել է գրավով, Դատախազությունը որոշումը չի բողոքարկել՝ համարելով, որ այն հիմնավոր է: Երկու եղբայրներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Գրիգորյան եղբայրների փաստաբան Լեւոն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հարություն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է:
«Մարտի 13-ին կալանքի երկարաձգման նիստ է տեղի ունեցել: Հարություն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Եթե քննիչը կալանքը երկարաձգելու նոր միջնորդություն ներկայացնի, ապա երկու ամիս անց նոր նիստ կհրավիրվի: Չեմ կարող ասել՝ նախաքննությունը երբ կավարտվի, սակայն, կարծում եմ, որ հսկայական, մեծածավալ գործողություններ այլեւս չկան անելու»,- ասել է Լեւոն Սահակյանը:
Հիշեցնենք՝ դեպքի հետ կապվում էր նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել եւ անգործություն է դրսեւորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաեւ առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։