Եվրահանձնաժողովի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով
Եվրահանձնաժողովի հետազոտությունների եւ ինովացիաների գլխավոր տնօրինության աշխատակիցը կիրակի մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) առաջացրած հիվանդության հետեւանքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Սա Եվրահանձնաժողովի աշխատակիցների շրջանում COVID-19-ի հետեւանքով մահվան առաջին դեպքն է: «Ես խոր վշտով հայտնում եմ կիրակի Եվրահանձնաժողովի հավատարիմ աշխատակցի մահվան մասին, որը վարակվել էր կորոնավիրուսով: Ես անկեղծորեն ցավակցում եմ նրա ընտանիքին, մտածում եմ նաեւ Եվրոպական հանձնաժողովի գիտական հետազոտությունների նրա գործընկերների մասին եւ ընդհանրապես [Եվրահանձնաժողովի] գիտական հետազոտությունների գլխավոր տնօրինության մասին»,- նշել է ֆոն դեր Լյայենը՝ չբացահայտելով հանգուցյալի անունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տվյալներով՝ Եվրոպայում նոր կորոնավիրուսով վարակվել է 881 հազար մարդ, 74,25 հազարը մահացել է: