Իտալիայի արտգործնախարարը համավարակի հետևանքները համեմատել է պատերազմի հասցրած վնասի հետ
Կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրությունը երկար է ձգվելու, իսկ դրա տնտեսական հետեւանքները համեմատելի են պատերազմի հասցրած վնասի հետ: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, որի նամակը երկուշաբթի օրը հրապարակել է Financial Times-ը:
«Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակը անդրադարձել է մեզանից յուրաքանչյուրի վրա: Այն փոխել է մեր սովորությունները եւ սրել է այն դժվարությունները, որոնց բախվում են բնակչության առավել խոցելի հատվածները: Դա երկարաժամկետ արտակարգ դրություն կլինի, որի ազդեցությունն ու տնտեսական հետեւանքներն այն պատերազմին նման են դարձնում»,- ասել է նա:
Նախարարի խոսքով` երկար տարիներ Եվրամիությունը միշտ կարողացել է կանխել իրադարձությունների նման զարգացումը` հիմնարար սկզբունքների պահպանման ճանապարհով: «Մենք պետք է ընդունենք ճշմարտությունը. Եվրոպան մինչ այժմ պատշաճ սոլիդարություն չի ցուցադրել,- շեշտել է Դի Մայոն:- Այն չկարողացավ մեկ թիմ դառնալ, ընդ որում, դա անելու ցանկություն չդրսեւորեց: Ի հայտ եկան եսասիրությունն եւ անհատապաշտությունը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ստեղծված իրավիճակը պետք է «մտորելու առիթ դառնա ոչ միայն բոլոր իտալացիների, այլեւ ԵՄ բոլոր քաղաքացիների համար»:
Ավելի վաղ բրիտանական BBC-ին տված հարցազրույցում Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել էր, որ եթե եվրոպական առաջնորդները «եվրոպական նախագծին նոր կյանք տալու հնարավորությունից, ապա [դրա] ձախողման ռիսկը իրական է»: