Ֆրանսիայում Covid-19 համաճարակի սկզբից ի վեր մահացել է 14 393 մարդ
Ֆրանսիայի հիվանդանոցներում վերջին մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքներից մահացել է 310 մարդ, եւս 251 մարդու մահանալու մասին տեղեկություն է ստացվել ծերանոցներից: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը միաժամանակ հայտնում է, որ վերջին 24 ժամում վերակենդանացման բաժանմունքներ ավելի քիչ մարդ է ընդունվել: Այս բաժանմունք ընդունվողների թիվը նվազում է արդեն չորրորդ օրն անընդմեջ, հայտնում է RFI ֆրանսիական միջազգային ռադիոն:
Երկրի հիվանդանոցներում ներկայումս Covid-19 ախտորոշմամբ 31 826 պացիենտ կա: Նրանցից 1688-ն ընդունվել է վերջին 24 ժամում: Երկրի վերակենդանացման բաժանմունքներում պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 6845՝ 35 մարդով ավելի քիչ, քան նախօրեին:
Այդուհանդերձ, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ չնայած երկրում մտցված կարանտինին, Ֆրանսիայում մարդիկ շարունակվում են վարակվել կորոնավիրուսով: Ուստի իշխանությունները քաղաքացիներից պահանջում են հետեւել սանիտարական մեկուսացման միջոցառումներին:
Երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիների առջեւ ելույթ կունենա ուղիղ եթերում: Սպասվում է, որ նա կարանտինային միջոցառումները կերակարացնի նվազագույնը մինչեւ ամսվա վերջ:
Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 403 դեպք, որից 37 188-ը հիվանդանոցներում եւ ծերանոցներում են:
Հարեւան Իտալիայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի հետեւանքով մահվան 431 դեպք: Սա մարտի 19-ից սկսած կորոնավիրուսի հետեւանքով մահացության ամենացածր ցուցանիշն է: