Ռուսական զինվորական անսամբլը ներկայացրել է կորոնավիրուսի մասին երգ եւ տեսահոլովակ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր Youtube-ալիքում տեղադրել է երգ եւ տեսահոլովակ կորոնավիրուսի մասին՝ «Կենտրոնական ռազմական նվագախմբի արտիստները կորոնավիրուսի մասին», որը նվիրված է կորոնավիրուսային վարակի դեմ Ռուսաստանի բնակիչների պայքարին:
«Ստեղծագործական տեսահոլովակում, որը ներառում է վոկալի եւ պարային էպիզոդներ, երգի ու պարի անսամբլի արտիստները կոչ են անում քաղաքացիներին պահպանել անվտանգության պարզ կանոնները եւ չտրտնջալ՝ նստելով տանն ինքնամեկուսացման պայմաններում»,-նշված է ռուսական ռազմական կառույցի ալիքում:
Տեսահոլովակի հիմքում Ալեքսանդր Ռոզենբաումի «Երաժշտական հատուկ ուժեր» երգն է: Անսամբլի մասնակիցները երգի իրենց տարբերակում հիշատակում են արտիստի՝ բժշկության մասնագիտության մասին: «Այս մահացու խաղը կկարողանանք հաղթել միայն երգի եւ ծիծաղի միջոցով: Այդպես է մեզ ասում այդ երգի հայրը, որն, ի դեպ, ռազմական բժիշկ է»,-նշվում է երգի բառերում: Վոկալի մասը կատարել են Կենտրոնական ռազմական նվագախմբի զինծառայողները շրջանային սպայի տան ստուդիայում, իսկ քաղաքացիական արտիստները ձայնագրել են պարային էպիզոդները՝ գտնվելով ինքնամեկուսացված տանը: