Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով
Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանին:
Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, բոլորը հոսպիտալացվել են:
Խոսելով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցի մասին՝ նա նշել է, որ մոտ 30 քաղաքացի ցանկություն է հայտնել, սակայն այս պահին նման հնարավորություն չկա:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգեւորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին եւ նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին:
Այս պահի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին 4 չվերթ է իրականացրել Երեւանից, որտեղից Կիեւ է մեկնել Ուկրաինայի եւ Հայաստանի 92 քաղաքացի: Չվերթն իրականացվել Է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ: