Այսօր Ավագ շաբաթն է. Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագն իրականացվում է դռնփակ (Տեսանյութ. Ուղիղ)
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս. Սարգիս եկեղեցում դռնփակ մատուցվում է Ս. Պատարագ։
Այսօր Ավագ շաբաթն է՝ Ճրագալույց Զատկի։ Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից:
Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից: