Իտալիայում մաֆիան սնունդ է բաժանում անապահով ընտանիքներին
Քանի դեռ Իտալիան պայքարում է իր տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, որը տուժել է կորոնավիրուսի տարածման պատճառով, մաֆիան իր սեփական ներդրումն է ունենում՝ ապահովելով կարանտինում գտնվող անապահով ընտանիքներին սննդով, գրում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ վերջին շրջանում Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են մաֆիայի ներկայացուցիչները տրամադրում սննդամթերք իտալացիներին, որոնք տուժել են կորոնավիրուսի պատճառով երկրի հարավային առավել աղքատ շրջաններում՝ Կամպանիայում, Կալաբրիայում, Սիցիլիայում եւ Ապուլիում:
«Ավելի քան մեկ ամիս է, ինչ փակ են խանութները, սրճարանները, ռեստորաններն ու ակումբները: Միլիոնավոր մարդիկ աշխատում են ստվերային տնտեսության հատվածում, ինչը նշանակում է, որ նրանք չեն ստանում եկամուտ ավելի քան մեկ ամիս է եւ չգիտեն, թե երբ կկարողանան վերադառնալ աշխատանքի: Եթե երկիրն առաջիկայում չձեռնարկի գործողություններ այդ մարդկանց օգնելու ուղղությամբ, այդ ծառայությունները կտրամադրի մաֆիան՝ վերահսկողության տակ վերցնելով այդ մարդկանց կյանքը»,-հայտարարել է դատախազության՝ մաֆիայի գործերով քննիչը:
Կորոնավիրուսի տարածման հետեւանքներն Իտալիայում անդրադարձել են շուրջ 3.3 մլն մարդու վրա, որոնք աշխատում էին ստվերում. նրանցից ավելի քան 1 միլիոն մարդ բնակվում է երկրի հարավում:
Հաճախակի է ստացվում տեղեկատվություն, որ մթերային խանութների որոշ սեփականատերերին ստիպում են սննդամթերք տրամադրել անվճար, ոստիկանությունն իրականացնում է պարեկային ծառայություն մթերային խանութների փողոցներում գողությունները կանխելու նպատակով:
Տեղի ունեցածի շուրջ մտահոգություն է հայտնել երկրի ՆԳ նախարար Լուչիանա Լամորգեզեն՝ հայտարարելով, որ «մաֆիան կարող է օգտվել աճող աղքատությամբ եւ փորձել ներգրավել մարդկանց իր կազմակերպության մեջ»: