ԱՄՆ Պետդեպը հայտարարել է 10 մլն դոլարի չափով պարգեւատրում Իրաքում «Հեզբոլահի» առաջնորդի մասին տեղեկատվության համար
Միացյալ Նահանգները սահմանել են 10 մլն դոլարի չափով պարգեւատրում Իրաքում «Հեզբոլահ» շիիթական խմբավորման առաջնորդ Մուհամեդ Քաութարանիի գործունեության մասին տեղեկատվության համար, ասվում է ուրբաթ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պարգեւատրում հանուն արդարադատության» պետդեպարտամենտի ծրագրի շրջանակում առաջարկվում է 10 մլն դոլար Մուհամեդ Քաութարանիի գործունեության, նրա կապերի եւ նրա հետ կապված անձանց մասին տեղեկատվության դիմաց»,-նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Կառույցը համարում է, որ Քաութարանին համակարգում է «Հեզբոլահի» ֆինանսական հարցերը:
Հայտարարության համաձայն՝ Քաութարանին գլխավորում է Իրաքում շարժման ջոկատները եւ համակարգում գործողությունները որոշ կիսառազմական խմբերի հետ, որոնք կազմավորվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատարության կողմից, որի առաջնորդ Ղասեմ Սուլեյմանիին սպանել էին ԱՄՆ հրթիռային հարվածի հետեւանքով հունվարի 3-ի գիշերը: Վաշինգտոնը մեղավոր է համարում Քաութարանիին զինված միավորումներին աջակցելու հարցում, «որոնք ակտիվացված են Իրաքի կառավարության հսկողության տակ գտնվող ուժերից առանձին»:
Պետդեպարտամենտը ներառել է Քաութարանիին ահաբեկիչների ցանկում 2013 թվականին: