Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Beeline»-«Յուքոմ» գործընթացին
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Beeline»-«Յուքոմ» գործընթացին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաեւ նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն եւ առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով եւ Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:
Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 7֊րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին եւ հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ:
Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի եւ հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարեւորությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել: Նրանց շարքում են նաեւ Ալեքսանդր եւ Հայկ Եսայանները։ Եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։
Որպես պատճառ նշվում է, որ որ Ucom-ի սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի եւ ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝ Beeline-ը գնելու շուրջ քննարկումների փաստը:
Հայտ է ներկայացվել ՏՄՊՊՀ, սակայն «Բիլայն»-«Յուքոմ» միավորման գործարքը դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված ՏՄՊՊՀ-ն մարտի 19-ին իր ձեռքի տակ եղած վարույթների ժամկետները ժամանակավորապես կասեցրել է: Դրանց թվում կասեցրել է նաեւ «Վեոն Արմենիա» եւ «Յուքոմ» ՓԲԸ-ի 2019-ի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը: