Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անվան UCLA կենտրոնի բուժանձնակազմին
Այսօր լրանում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Ռոբերտ Քարդաշյանի անվան Կերակրափողի բուժման կենտրոնի (UCLA) հիմնադրման մեկ տարին, Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը:
Ռեալիթի շոուի աստղը կենտրոնի բուժանձնակազմին շնորհակալություն է հայտնել համավարակի ժամանակ կատարած աշխատանքի համար:
«Մենք ավելի շատ, քան երբեւէ, մտածում ենք համավարակի ժամանակ առաջնագծում գտնվող բուժանձնակազմի մասին եւ շնորհակալ ենք բոլորին, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգում են հանուն ուրիշների»,- նշել է Քիմը՝ հավելելով. «Այս ամիսը նաեւ կարեւոր ժամանակ է մեզ համար, քանի որ հիշում ենք մեր հորը կերակրափողի քաղցկեղի մասին իրազեկման ամսվա ընթացքում: Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել բարձրորակ բժիշկների եւ բուժքույրերի հավատարիմ անձնակազմին, որոնք աշխատում են Ռոբերտ Քարդաշյանի անվան Կերակրափողի բուժման կենտրոնում»:
UCLA-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ UCLA-ի Vatche & Tamar Manoukian մարսողական հիվանդությունների բաժնի ղեկավար եւ Քարդաշյան ընտանիքի վաղեմի բարեկամ բժիշկ Էրիկ Էսրաիլյանը հայտնել է COVID-19 համավարակի հետ կապված համալսարանին, համայնքին եւ Հայաստանի Հանրապետությանը աջակցության, մատակարարումների եւ կրթության հարցում օգնության մասին:
Նրա խոսքով՝ Քարդաշյան ընտանիքը շատ տարիներ առաջ իրեն ասաց, որ կցանկանային համալսարանի հետ միասին ինչ-որ արտասովոր բան անել, որ հարգեն հանգուցյալ հոր հիշատակը եւ օգնեն համայնքի պացիենտներին:
Ռոբերտ Ջորջ Քարդաշյանը ամերիկացի իրավաբան է, որի նախնիները 20-րդ դարի սկզբին ԱՄՆ են ներգաղթել Արեւմտյան Հայաստանից: Փաստաբանը հանրահայտ է դարձել այն բանի շնորհիվ, որ եղել է սկանդալային ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի փաստաբանն ու ընկերը, որը սպանել էր իր կնոջը:
2003 թվականին ամերիկացի հայտնի փաստաբանը 59 տարեկանում մահացել է կերակրափողի քաղցկեղից: