ԱՄՆ–ից ՀՀ վերադարձող 35 հայ աշակերտները երգել են օդանավակայանում. Աննա Նաղդալյանը տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 35 հայ աշակերտներ վերադառնում են Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ աշակերտները օդանավակայնում կատարում են «Էրեբունի–Երեւան» երգը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ էր հայտնել FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող 35 հայ աշակերտների Հայաստան վերադարձի մասին:
«Նշել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով եւ ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում եւ Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետեւ Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երեւան չվերթով։
Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաեւ Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ: Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Սա Հայաստանի եւ Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաեւ մեր վրաց գործընկերներին՝ աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար»,– գրել էր Նաղդալյանը: