Հայաստանի համար 200 մլն դոլար է պահանջել. Պյատիգորսկում ձերբակալել են քրոջը պատանդ վերցրած տղամարդուն
Նախօրեին Պյատիգորսկում հատուկ գործողության արդյունքում ազատվել են կինը եւ նրա երկու անչափահաս որդիները, որոնց պատանդ էր վերցրել կնոջ եղբայրը:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հովսեփ Մ. անունով 28-ամյա տղամարդը Պյատիգորսկ ազգականների մոտ էր եկել Մոսկվայից: Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ եւ հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում:
«Բնակարանում բարիկադավորված տղամարդը պահանջել է 200 մլն դոլար փոխանցել որպես Հայաստանին բարեգործական օգնություն եւ պնդում էր, որ իրեն զանգահարի նախագահը: Դրանից բացի, կործանիչ էր պահանջում»,- հայտնում է «Հինգերորդ ալիքը»:
Կասկածյալը ձերբակալվել է իրավապահ մարմինների հատուկ գործողության արդյունքում: Բնակարանում գտնվող պատանդներից ոչ ոք չի տուժել: Քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` տղամարդը մշտապես բնակվել է Մոսկվայում, որտեղ աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նա կարող էր նման քայլի դիմել անքնության պատճառով. աչքի վիրահատությունից հետո տղամարդը դեղեր էր ընդունում, չէր կարողանում քնել եւ դուրս է եկել ափերից: