Թրամփը Պուտինի և Սաուդյան թագավորի հետ զրույցից հետո ասել է, որ ՕՊԵԿ+-ը մոտ է գործարքին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ զրույց» է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ` քննարկելով երեք երկրների էներգետիկ ոլորտների աշխատանքային պայմանների նորմալացման ուղիները: Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ՕՊԵԿ+-ի երկրները, իր կարծիքով, մոտ են նավթի արդյունահանման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես հենց նոր խոսեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, եւ մենք շատ մեծ խոսակցություն ունեցանք նավթի արդյունահանման եւ ՕՊԵԿ-ի, ինչպես նաեւ այն ուղիների մասին, որոնց միջոցով մենք կարող ենք այնպես անել, որպեսզի մեր արդյունաբերությունը լավ զգա իրեն, որպեսզի նավթարդյունաբերության գործերն ավելի լավ լինեն, քան հիմա է»,- ասել է նա:
«Ցուցանիշներն այժմ այնքան ցածր են, որ ամբողջ աշխարհում արտադրության դադար կլինի, եւ, իհարկե, դադարեցում կլինի նաեւ մեր երկրում: Մենք չենք ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա,- ասել է Ամերիկայի նախագահը:- Նավթն այնպիսի ծավալներով է արդյունահանվում, որ ոչ ոք արդեն չգիտի` ինչ անել դրա հետ: Գործերն, ահա այսպիսին են»,- ասել է Սպիտակ տան սեփականատերը: «Անկեղծ ասած, նույնիսկ տեղ չկա դրա պահման համար: Մեր պահեստներն այժմ լեփ-լեցուն են»,- հավելել է նա:
«Մենք շատ լավ զրույց ենք ունեցել: Տեսնենք` ինչ կստացվի»,- շեշտել է Թրամփը: «Ինչպես գիտեք, ՕՊԵԿ+-ի երկրները հանդիպել են այսօր, եւ ես կասեի, որ նրանք մոտենում են պայմանավորվածություններ ձեռք բերելուն, մենք շուտով կիմանանք այդ մասին»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: