Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի
Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:
Նա պարզաբանեց, որ մինչ այդ կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացու մոտ, որն ապրել է Խերսոնում: «Բոլոր պացիենտներն իրենց լավ են զգում, իսկ առաջին վարակվածը տեղափոխվել է ընդհանուր պալատ: Այլ պացիենտների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- նշել է նա:
Հարությունյանը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայում վարակվել է 1900 մարդ, 57 մարդ մահացել է: «Մինչ այժմ Երեւան Հայաստանի քաղաքացիների վերադարձի հետ կապված որեւէ բարդություն չի եղել: Այս պահին եւս մոտ 20-30 Հայաստանի քաղաքացի ցանկություն է հայտնել Հայաստան վերադառնալ, սակայն դեռ նման հնարավորություն չկա: Ամեն դեպքում նրանց վիճակը ծայրահեղ չէ»,- հավելեց նա:
Հարությունյանն ընդգծել է, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էր մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: «Չնայած սահմանափակումներին եւ դժվարություններին՝ բազմաթիվ հայ գործարարներ ակտիվորեն մասնակցում են պետությանն օգնելու ուղղությամբ վիրուսն ու դրա հետեւանքները հաղթահարելու հարցում: Մի քանիսը, օրինակ, կազմակերպում են դեղորայքի կամ այլ պարագաների անվճար տեղափոխում բուժկենտրոններ կամ քաղաքացիների բնակարաններ»,- հայտարարեց նա: Գործադիր տնօրենն ընդգծեց, որ վիրուսի տարածումը կանդրադառնա նաեւ համայնքի միջոցառումների անցկացման վրա, որոնք պլանավորվել են ընթացիկ տարում: «Օրինակ, միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում, հասկանալի պատճառով կիրականացվեն ոչ այնքան մեծ մասշտաբով, ինչպես ի սկազբանե պալանավորվել էր»: