Սիսիանում պատրաստվում են ակցիաներ անել. Չեն հանդուրժում իշխանական խաղերը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սիսիանում երեկ տեղի ունեցած ծեծի պատճառով՝ կրքերը չեն հանդարտվում. սիսիանցիները վճռական են տրամադրված և չեն հանդուժում իշխանական խաղերը՝ պատրաստվելով բողոքի ակցիաներ անել` ընդդեմ ՀՀ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի:
Սիսիանցիները ոչ միայն չեն ներում ԺՊ-ի կողմից 70-ամյա տարեց քաղաքացուն ծեծելու հանգամանքը, այլ նաև այն, որ իշխանական քարոզչամեքենան լծվել է նրա մերժելի արարքն արդարացնելու գործին: Մուրադյանին արդարացնելու գործին են լծվել նաև Սիսիանի ՔՊ-ականները, սոցցանցերում փորձելով արդարացնել կատարվածը, թեև որևէ արդարացում չի կարող ունենալ 70-ամյա տարեց մարդու վրա ձեռք բարձրացնելը:
Նաև փորձում են մեղադրել միջադեպի մասնակիցներին՝ իբր վերջիններս «տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով»։ Մինչդեռ ականատեսները վկայում են, որ Գարիկ Մուրադյանը ոստիկանության դիմաց հավաքված սիսիանցիներին ամենավերջին հայհոյանքներն է հասցրել, ասելով՝ «Ավտոմատը բերեք, սրանց սաղին գնդակահարելու եմ»:
Նմանօրինակ միջադեպ ԺՊ-ի մասնակցությամբ առաջին անգամ չէ արձանագրվում, այդ մասին սիսիանցիները նախկինում ահազանգել են, սակայն քանի որ Մուրադյանը ՀՀ ոստիկանապետի կադրն է, ինչի մասին ԺՊ-ն հաճախ է բարձրաձայնում, այդ ահազանգերը համարժեք գնահատականի չեն արժանացել և ոստիկանապետի հովանավորյալը սկսել է անցնել թույլատրելի սահմանները:
Հիշեցնենք, որ ծեծվողները Սիսիանի բնակիչներ՝ Մայիս, Մարտին և Արմեն Հարությունյաններն են: Մարտին Հարությունյանը Սիսիանի ավագանու անդամ է: Տուժածների եղբայրը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ներսես աբեղա Հարությունյանը Aravot.am-ին պատմել էր, որ իր եղբայրները միասին դրսում են եղել, նրանց մոտեցել են 2 ոստիկան, պահանջել պարետի ձևաթուղթը, նրանք ցույց են տվել, ոստիկաններն ասել են՝ ազատ եք. «5 րոպե չի անցել ոստիկանները նրանց հետևից գնացել են ու նորից նույն թուղթն են պահանջել, եղբայրներս ըմբոստացել են, թե 5 վայրկյանը մեկ պետք է կանգնեցնեք ու թուղթ պահանջեք, լեզվակռիվ է սկսել իրենց միջև, հետո բաժանվել են, եղբայրս հորեղբորս որդու հետ գնացել են եղբորս աշխատանքի վայր, որտեղ նաև հայրս է եղել:
Այնուհետև երկու ոստիկան են եկել ու ասել, որ Ոստիկանապետի ԺՊ-ն ուզում է խոսել եղբորս հետ․․․ 2 մեքենայով ոստիկաններ են եկել, ոստիկանապետի պաշտոնակատարը իջել է մեքենայից, հարցրել՝ ով է Մարտինը եւ ծնողներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել է եղբորս վրա ու սկսել խփել, հայրս ասել է՝ ի՞նչ ես անում, նոր է վիրահատված, ոստիկանապետը շրջվել է ու նույն հայհոյանքներով դիմել հորս ու հարվածել, հայրս էլ իրեն է հայհոյել, ոստիկանապետի պաշտոնակատարը խփել է հորս, դեմ տվել պատին․․․»-պատմել է Ներսես աբեղա Հարությունյանը:
Սիսիանում պլանավորում են ակցիաներ կազմակերպել, սակայն այս պահին դեռ ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ առայժմ ականատեսները ոստիկանություն են գնում՝ բացատրություններ տալու: Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սիսիանի համայնքապետը ևս ոստիկանություն է գնացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: