Ժամանակավոր կառավարությո՞ւն. ովքեր և ինչու են դիմում մանիպուլյացիայի Արցախում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Որոշ ուժեր շարունակում են շահարկումները Արցախում կայացած ընտրությունների, ինչպես նաև ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ: Մասնավորաբար երեկ հերթական հայտարարությունն է արել «Սասնա ծռերը»՝ առաջարկելով «Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու Ճանապարհային քարտեզում նախատեսված հիմնական քայլեր»: Դրանցից մեկով առաջարկվում է ձևավորել ժամանակավոր կառավարություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերի» հերթական «նախաձեռնությունը» բավականին վատ է ընդունվել Արցախում. այստեղ գտնում են, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի ու ապակայունացման միտումների հետ:
Ի դեպ, արցախյան մեր աղբյուրները նշում են, որ շատ վատ է ընդունվում նաեւ արեւմտյան ֆինանսավորմամբ հայտնի որոշ կազմակերպությունների ու անհատների՝ ընտրական ու հետընտրական շրջանում ունեցած պահվածքը, որոնք առիթն օգտագործում են շարունակելու վարկաբեկել պատերազմի հերոսներին, գեներալներին (հասկանալի պատճառներով՝ հիմա նաեւ՝ Սամվել Բաբայանին, որը նախընտրական փուլում նրանց «աչքի լույսն» էր), ինչպես նաեւ սեւացնել ընտրական գործընթացը:
Այսպես կոչված, սորոսականներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ փաստացի Մասիս Մայիլյանը հրաժարվել է երկրորդ փուլին մասնակցելուց, ու Արայիկ Հարությունյանին կարելի է համարել ԱՀ նախագահ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախում տեղի ունեցած ընտրությունները գնահատել է որպես «բարձր որակի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: