ԱՄՆ-ում մահացել է Քլինթոնի և Լևինսկու միջև սիրային կապի շուրջ սկանդալի առանցքային դերակատարներից մեկը
Պենտագոնի նախկին աշխատակից Լինդա Թրիփը, ով ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու միջև արտամուսնական կապի շուրջ սկանդալի առանցքային դերակատարներից մեկն էր, մահացել է 70 տարեկանում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN-ը:
Թրիփի հարազատները պատմել են, որ մի քանի օր առաջ կնոջ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Ավելի վաղ նա բուժվում էր կրծքագեղձի քաղցկեղից:
Թրիփը, ով Լևինսկու ընկերուհին էր, 1997 թվականին գաղտնի կերպով ձայնագրել էր հեռախոսային խոսակցությունները նրա հետ: Այս երկար խոսակցությունների ընթացքում վերջինս պատմել էր Քլինթոնի հետ իր ինտիմ հարաբերությունների մասին: Թրիփն ավելի ուշ ձայնագրությունները հանձնել էր հատուկ դատախազ Քենեթ Սթարին, ինչը թույլ տվեց սկսել Քլինթոնի իմպիչմենտի գործընթացը:
Հետագայում Թրիփին մեղադրում էին ընկերուհու վստահությունից օգտվելու համար: Լևինսկին հայտարարել էր, որ ատում է նրան: Ինքը` Թրիփը, հարցազրույցների ժամանակ բազմիցս ասել էր, որ չի ափսոսում իր արարքի համար:
Չորեքշաբթի օրը Լևինսկին իր թվիթերյան էջին գրել էր. «Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, երբ իմացա, որ Լինդան ծանր հիվանդ է, հույս ունեմ, որ նա կապաքինվի: Ես չեմ կարող պատկերացնել, թե որքան դժվար է այժմ նրա ընտանիքի համար»:
1998-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Քլինթոնի դեմ մեղադրանքներ էին նախապատրաստվել` կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատության խոչընդոտման մասին, որոնք կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս իմպիչմենտի համար: Արդյունքում, քաղաքական գործիչն արդարացվեց ԱՄՆ Սենատի կողմից: