Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 4 հազարից
Իրանում նոր կորոնավիրուսով վարակման մահվան ելքով դեպքերի թիվն անցել է 4 հազարից: Այսպիսի տվյալներ է այսօր ներկայացրել երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանփուրը:
«Այսօրվա դրությամբ հիվանդացածներից 4003 մարդ մահացել է,- IRNA-ի փոխանցմամբ ասել է նա: - Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 67 286-ի»:
Ջահանփուրը հավելել է, որ առողջացել է 29 812 մարդ: «Երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման ընդհանուր 220 հազար 975 թեստ»,- հայտարարել է նա:
Իրանում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազման միտում: