Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 8,6 հազարից
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը հասել է 1175-ի եւ հիմա երկրի 81 տարածաշրջաններում կազմում է 8672 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս պահին առողջացել է 580 մարդ, 63-ը մահացել է, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Այսօրվա դրությամբ՝ ՌԴ-ում 81 տարածաշրջաններում գրանցված է կորոնավիրուսային ինֆեկցիայի 8672 դեպք (+15,7 տոկոս): Մեկ օրում դուրս է գրվել առողջացած 86 մարդ: Ամբողջ ժամանակահատվածում առողջացել է 580 մարդ: Մեկ օրում մահացել է 5 պացիենտ: Ռուսաստանի տարածքում ամբողջ ժամանակահատվածում՝ 63»,- նշված է շտաբի հաղորդագրության մեջ:
Շտաբի տվյալների համաձայն՝ Մոսկվայում վարակվածների թիվն աճել է 660-ով՝ հասնելով մինչեւ 5 841-ի: Հիվանդացածներ են գրանցվել նաեւ 55 տարածաշրջաններում:
Մեկ օրում Մոսկվայում դուրս է գրվել 48 մարդ, Կրասնոդարիի երկրամասում՝ 6, Նիժեգորոդսկի մարզում՝ 5, Սվերդլովսկի, Մոսկվայի մարզերում, Չեչենական Հանրապետությունում եւ Ստավրոպոլի երկրամասում՝ 3-ական, Թաթարստանում, Կալմիկիայում եւ Սեւաստոպոլում՝ 2-ական: Մեկական մարդ է դուրս գրվել Լենինգրադի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Պերմի մարզում, Կաբարդինո-Բալկարիայում, Կալինինգրադի մարզում, Խանտի-Մանսիյսկում, Լիպեցկի մարզում, Վոլգոգրադի եւ Մուրմանսկի մարզերում:
Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 5 պացիենտ. Մոսկվայի մարզում՝ 2, Հյուսիսային Օսիայում՝ 1, Իրկուտսկի մարզում՝ 1, Խաբարովսկի երկրամասում՝ 1: