Թրամփը սպառնացել է կրճատել ԱՀԿ ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ կարող է գնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման «շատ խոշոր դադարեցման»՝ քննադատելով ՄԱԿ մասնագիտացված գործակալությանը եւ նրան մեղադրելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Չինաստանին կառչած լինելու» մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Կրկնելով գանգատները, որոնցով մեկ օր առաջ հանդես էր եկել «Թվիթերում», ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՀԿ-ն «շատ հարցերում սխալ» էր: Թրամփն ԱՀԿ-ին դատապարտել է այն բանի համար, որ հանդես էր եկել Չինաստանից եւ Եվրոպայից ուղեւորությունների սահմանափակման դեմ:
«Նրանք շատ հարցերում էին սխալ,- ասել է Թրամփը Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ: - Նրանք, կարծես, շատ ուժեղ են կառչել Չինաստանից»:
«Մենք մտադիր ենք դադարեցնել փողի վճարումը, որն ուղարկում ենք ԱՀԿ»,- հավելել է նա:
Թրամփը, սակայն, նահանջել է, երբ լրագրողները սկսել են իր հայտարարության հետ կապված հստակեցնող հարցեր տալ: Նա ասել է, թե «մտադիր է ԱՀԿ ֆինանսավորման կրճատման հարցն ուսումնասիրել», եւ հերքել է իր նախորդ հայտարարությունը:
ԱՄՆ-ն միջազգային կազմակերպության խոշորագույն դոնորն է:
Միացյալ Նահանգների կողմից ԱՀԿ-ին ամենավերջին փոխանցման հաշիվը կազմել է տարեկան մոտ 116 մլն դոլար: Դրանից բացի, ԱՄՆ-ն կամավոր տարեկան փոխանցում է 100-ից մինչեւ 400 մլն դոլար ԱՀԿ կոնկրետ նախագծերի համար: 2017 թվականին (սա վերջին տարին է, որի վերաբերյալ տվյալներ կան) նման մուտքերը անցել են 400 մլն դոլարից:
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն այդ տարի ԱՀԿ-ին է փոխանցել ավելի քան 500 մլն դոլար, ինչը կազմում է կազմակերպության ամենամյա բյուջեի քառորդ մասից փոքր-ինչ պակաս: ԱՀԿ ընդհանուր բյուջեն 2016-2017 թվականներին անցել է 4 մլրդ դոլարից:
«ԱՀԿ-ն մեզնից հսկայական փող է ստանում»,- նշել է Թրամփը:
ԱՀԿ-ն բարձր է գնահատել վիրուսի կապակցությամբ Չինաստանի թափանցիկությունը, չնայած որոշ քննադատներ ասում են, թե հիմքեր կան ենթադրելու, որ COVID-19-ի հետեւանքով մահացածների իրական թիվն անցնում է պաշտոնական տվյալներից:
Թրամփի հիմնական զայրույթը կապված է հունվարի վերջին ԱՀԿ այն հայտարարության հետ, որ «տուժած տարածաշրջաններ ուղեւորությունների արգելքը կամ տուժած տարածաշրջաններից ժամանողների մուտքը մերժելը, որպես կանոն, անարդյունավետ են կանխելու համար» դրսից բերվող կորոնավիրուսի դեպքերը, եւ դրա փոխարեն կարող են հանգեցնել զգալի բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների
Հայտարարությունը կատարվել էր այն բանից հետո, երբ Թրամփն ԱՄՆ մուտքի արգելք էր սահմանել կորոնավիրուսի հետեւանքով լրջորեն տուժած երկրներից ճանապարհորդների համար: