Հանրային խորհուրդը կֆինանսավորվի և կդառնա վարչապետին ենթակա կառույց
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում, սահմանել, որ քարտուղարությունն այսուհետեւ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:
Ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Այդ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:
Նախագծի հեղինակների կարծիքով, սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի և Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաև Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում իրենք հանգում են այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները։
Նաեւ նշում են, որ Քարտուղարության գործառույթներն առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին և իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:
Ենթադրվում է, որ փոփոխությունները կատարվում են Հանրային խորհուրդը ֆինանսավորելու համար, քանի որ այս կարգավիճակով նրան ֆինանսավորում չի տրամադրվում:
«Միաժամանակ «Հանրային խորհրդի մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած են ճանաչվելու այնպիսի դրույթները, որոնք առնչվում են խորհրդի կանոնադրության հաստատմանը և ֆինանսավորման տրամադրմանը՝ հաշվի առնելով առաջարկվող նոր կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ:
Օրենսդրական այս փոփոխության հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաև կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին։
Այսինքն` Հանրային խորհուրդն այսպիսով կդառնա վարչապետին ենթակա կառույց` դրանից բխող բոլոր հետևանքներով: