Ո՞ւմ նկատի ուներ վարչապետը. ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:
Ապա վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:
Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից ու կառավարությունից: Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել:
Իսկ, ահա, քաղավիացիայի նախկին պետ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինքը որեւէ առնչություն չունի այդ դեպքերի հետ»:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 եւ ԻԼ-76 ինքնաթիռներով:
Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. Կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. ՙՀաստատ մեզ նկատի չի ունեցել, կան նաեւ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում