50 էջանոց թերություններ․ Նոր մանրամասներ՝ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ՔԱԿ-ն իրականում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չի անցել։
Իսկ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած՝ օդաչուների պատրաստվածության մակարդակով։ Մեզ հայտնի դարձավ, որ EASA-ի մասնագետները կոմիտեում փետրվարին աուդիտ են իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը։
Եւ քանի որ կոմիտեն աուդիտ չի անցել, մեր հայկական ավիաընկերությունները, որոնք առանձին աուդիտ էին անցել` Եվրոպա ուղեւորափոխադրում իրականացնելու համար, այդ ուղեւորափոխադրումները չեն իրականացնելու։
Եվս մեկ կարեւոր հանգամանք. պարզվում է՝ EASA-ի հսկողության տակ հայկական ավիացիայի հայտնվելու միակ պատճառը «Տարոն Ավիան»-է, երբ ավիաընկերությունն անցյալ տարի չվերթ իրականացրեց դեպի Բուլղարիա։
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ։ «Արձանագրել են որոշակի թերություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք: Ընթացակարգն այդպիսին է, իրենք գրում են մեզ, որ սրանք ձեր թերություններն են։ Հիմա մենք այդ մի մասի հետ համաձայն չենք, մենք կարձանագրենք ու կուղարկենք իրենց: Իհարկե ՔԱԿ-ը սեւ ցուցակում չէ», – հավաստիացրեց վարչության պետ Գյուրջյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում