Ռուսաստանում անալիզ են մշակում, որը կհայտնաբերի կորոնավիրուսը հաղթահարածներին
Genetico Գենետիկայի եւ վերարտադրողական բժշկության կենտրոնի եւ Վ. Ա. Էնգելգարդտի անվան մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (Ռուսաստան) մասնագետները թեստ են մշակում, որը թույլ կտա հայտնաբերել COVID-19-ը, այդ թվում՝ ախտանիշներ չունեցող ձեւն արդեն հաղթահարած մարդկանց:
Այս թեստի միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել այն քաղաքացիներին, ում մոտ արդեն կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ձեւավորվել, որպեսզի այդ մարդիկ կարողանան ակտիվ կյանքի վերադառնալ, հայտնում է ՌԲԿ-ն:
Թեստի աշխատանքի մեխանիզմը հիմնված է կորոնավիրուսի դեմ հակամարմինների հետ վիրուսի հակագեների փոխազդեցության վրա: Գիտնականները նախատեսում են այնքան հակագեն արտադրել, որ թեստավորումը հասանելի լինի բոլոր ցանկացողներին:
Ներկայումս մշակված է թեստի նախատիպը, եւ մասնագետները ստուգում են դրա զգայունությունն ու յուրահատկությունը: Դրա համար նրանք մի քանի կամավորների կարիք կունենան, որոնք արդեն առողջացել են կորոնավիրուսային ինֆեկցիայից, ինչպես նաեւ չվարակված քաղաքացիների, որ կարողանան հայտնաբերել կեղծ դրական եւ կեղծ բացասական արդյունքները: Սպասվում է, որ գրանցման փաստաթղթերը պատրաստ կլինեն մեկ ամսից: