Ինչո՞վ է զբաղված ՀՀ նախագահը համավարակի ֆոնին. «Գոլոս Արմենիի» հոդվածը՝ Արմեն Սարգսյանի երդմնակալության երկրորդ տարվա կապակցությամբ
Ինչո՞վ է զբաղված Հայաստանի նախագահը համավարակի ֆոնին: Այս հարցն իր էջերում ուղղում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ հոդված նվիրելով Արմեն Սարգսյանի երդմնակալության երկրորդ տարվա կապակցությամբ:
«ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության երկրորդ տարին ենթադրում էր այլ խոսակցություն, սակայն կորոնավիրուսը փոխեց ամեն ինչ: 2018 թվականի ապրիլի 9-ին կայացավ երդմնակալության արարողությունը, եւ Արմեն Սարգսյանը սկսեց իր պարտականությունների իրականացումը: Մինչ այժմ հստակ չէ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարման հարցը, սակայն հայտնի է, որ 2011 թվականի դեկտեմբերից հետո նա փաստաթղթերը ստորագրել է որպես այդ երկրի քաղաքացի: ԼԻնելով ընդդիմադիր խմբակցության անդամ՝ Փաշինյանը խորհրդարանի դահլիճում բղավում էր, որ «թագավորն իրական չէ»: Ի՞նչը ստիպեց «թավշյա հեղափոխության» առաջնորդին 2018 թվականի ապրիլի 27-ին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն տեղադրել այն մասին, որ Սարգսյանը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթուղթը 2011 թվականի դեկտեմբերին: Պատճառը պարզ է: Փաշինյանին խորհուրդ են տվել թեման փակել երկքաղաքացիության մասին հրաժարման մասին հաղորդագրությամբ:
Ընդ որում, Սարգսյանը չի հերքում այն հանգամանքը, որ հարկային փաստաթղթեր է ստորագրել 2011-ի դեկտեմբերից հետո որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Մի խոսքով, նախագահի պաշտոնում առաջին օրից Սարգսյանի հանդեպ շատ հիմնավոր պահանջներ կան:
Փաշինյանի ֆեյքերի բանակին հրամայել են հանգիստ թողնել նախագահին: Եվ, հավանաբար, վարչապետը հույս ունի, որ Սարգսյանը կկարողանա ներկայիս բարդ պայմաններում երկրի համար մարդասիրական օգնություն ստանալ: Ճիշտ ժամանակն է Հայաստանի ժողովրդին օգնելու համար: Համավարակի պայմաններում օգնության կարիք ունեն բոլոր երկրները, սակայն Սարգսյանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի: Պետք է խոստովանել, որ 2 տարում նախագահն իր երկրի համար օգտակար ոչինչ չի արել: Նա չդատապարտեց 2018-ի հոկտեմբերին խորհրդարանի պաշարումը, չքննադատեց դատարանների արգելափակումը, չդիմեց ՍԴ, երբ խոսք գնաց օրենքի մասին, որը ենթադրում էր դատավորների վաղաժամ թոշակի ապահովում: Օրերս նա ստորագրեց արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժը հեռախոսային կոնտակտներով հետեւելու մասին օրենքը:
Երկու տարում նրա խոսքերն ու արարքները չեն հակասել Փաշինյանի խոսքերին ու արարքներին, եւ հենց դա է գլխավոր գրավականը, որ նա մնացել է այդ պաշտոնին: Փաշինյանին նման նախագահը չի խանգարում, այլ հարց է, թե ժողովրդին պե՞տք է նման նախագահ: Սարգսյանը հնարավորություն ունի օգնել ժողովրդին այս դժվար պահին: Կառավարության աշխատանքը տարբեր կերպ են գնահատում, եւ դա նորմալ է:
Իսկ ինչո՞վ է զբաղված նախագահն այս պատասխանատու օրերին: Ժողովուրդը ցանկանում է իմանալ…»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Գոլոս Արմենիի» թերթում: