Սա ամենածանր շաբաթը կլինի, ցավոք, կլինեն մահվան անչափ շատ դեպքեր. Թրամփ
ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ մոտ ժամանակում Միացյալ Նահանգները բախվելու է կորոնավիրուսի պատճառով մեծ թվով զոհերի հետ: Ելույթ ունենալով Սպիտակ տանը կորոնավիրուսին նվիրված ճեպազրույցում՝ Թրամփը հայտարարել է, որ COVID-19-ի զոհերի թիվն այս շաբաթ կաճի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Սա, ամենայն հավանականությամբ, լինելու է ամենածանր շաբաթը: Ցավոք կլինեն մահվան անչափ շատ դեպքեր, բայց ավելի քիչ, քան եթե ոչ մի բան չձեռնարկեինք: Մենք մոտենում ենք պահին, երբ կունենանք իսկապես շատ վատ թվեր: Մենք ցանկանում ենք, որ այդ թվերը շատ ավելի փոքր լինեն, քան լինելու են: Եվ մենք դա կանենք: Ես կարծում եմ, որ մենք, հավանաբար, նման ոչ մի բան չէինք տեսել, հնարավոր է՝ միայն պատերազմի ժամանակ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ երկրի նահանգները, որտեղ չի գրանցվել կորոնավիրուսի տարածում, «շատ ավելի մեծ թվով են բժշկական սարքավորումներ խնդրում, քան դա պահանջում են ներկայիս հանագամանքները»:
«Պարզ է, որ տեղական իշխանությունները կփորձեն ստանալ առավելագույնն իրենց համայնքների համար: Սակայն պակասի վախը գերպահանջարկի հանգեցրեց: Մենք ունենք նահանգներ, շրջաններ, որոնք շատ ավելի մեծ քանակություն են պահանջում: Մենք ունենք մի նահանգ, որը թոքերի արհեստական շնչառության 40 000 սարք է պահանջել: Դա անհնար է: Նրանց այդքան պետք չէ, եւ հիմա նրանք դա գիտակցում են: Մենք նրանց կտրամադրենք այնքան, որքան կարող ենք: Եվ դարձյալ` ոչ ոք նման բան չի տեսել ԹԱՇ սարքերի, պաշտպանիչ հանդերձանքի, ինչպես նաեւ հագուստի առումով»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ կօգտագործի առկա բոլոր հնարավորությունները` ամերիկացիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:
«Մենք ուզում ենք վերջ տալ այս պատերազմին: Մենք պետք է վերադառնանք աշխատանքի: Մենք պետք է կրկին բացենք մեր երկիրը: Մենք չենք ուզում դա անել ամիս առ ամիս: Մենք պատրաստվում ենք նորից բացել մեր երկիրը»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Նախագահ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն հիդրօքսիխլորանի (հակամալարիային դեղամիջոց) 29 միլիոն դեղաչափ ունի, որը կօգտագործվի COVID-19-ի բուժման համար:
«Ինչպես գիտեք, անցած շաբաթ օրը ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկման վարչությունը (FDA) հրատապ թույլտվություն է տվել հիդրօքսիխլորանի օգտագործման համար: Հուսով եմ, որ դա կարեւոր պատասխան կլինի: Դրա հետ շատ լավ բաներ են տեղի ունենում, եւ մենք Ազգային ռազմավարական պահուստի միջոցով կտարածենք այն` որոշակի հիվանդների բուժման համար, եւ մենք 29 միլիոն դեղաչափ ունենք,- ասել է Դոնալդ Թրամփը:- Մենք այն ստանում ենք նաեւ տարբեր երկրներից: Այսօր առավոտյան զանգահարեցի Հնդկաստանի վարչապետ Մոդիին. նրանք հիդրօքսիխլորանի մեծ քանակություն են արտադրում: Ես ասացի, որ երախտապարտ կլինեմ, եթե նրանք վաճառեն մեր պահանջած քանակությունը, եւ նրանք լրջորեն դիտարկում են մեր առաջարկը»: