Մոսկվայի «Նովոմոսկովսկի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը. Մի քանի օր առաջ նույն հիվանդանոցում մահացել էր նաև նրա կինը
Այսօր Մոսկվայի «Նովոմոսկովսկի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Մի քանի օր առաջ նույն հիվանդանոցում մահացել էր նաև նրա կինը՝ համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Ի. Սեչենյովի անվան համալսարանի պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, ում մոտ բժիշկները կորոնավիրուս էին ախտորոշել։
«Московский Комсомолец»-ի հաղորդմամբ, ամուսինները հիվանդանոց էին տեղափոխվել գրեթե միաժամանակ՝ մարտի կեսերին։ Նրանք չեն շփվել կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ, արտասահմանում չեն եղել։ Այդուհանդերձ, կնոջ թեստավորումը դրական է եղել, և Հասրաթյանը մահացել է մարտի 26-ին։
Բժիշկները շարունակել են պայքարել Ղազարյանի կյանքի համար, սակայն նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Միշիկ Ղազարյանը հայտնի ֆիզիկոս էր, սպեկտորի տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողը։ Այս աշխատանքի համար 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մինչև կյանքի վերջին տարիներն աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում, որպես գիտական քարտուղար և առաջատար գիտաշխատող։
Վերջին տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6343 է, մահերի թիվը՝ 47։