ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկում են 40 կամավորների վրա
ԱՄՆ-ում Inovio Pharmaceuticals ընկերությունը 40 կամավորների վրա կատարում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումներ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ամերիկյան Food and Drug Administration-ը հավանություն է տվել Ֆիլադելֆիայում եւ Կանզասում կամավորների վրա պատվաստանյութի անվտանգության հետազոտությունների անցկացմանը:
Սա պատվաստանյութի փորձարկումների միայն առաջին փուլն է, որը պետք է ապացուցի դրա անվտանգ լինելը մեծ թվով մարդկանց թեստավորման համար: Սակայն եթե անգամ այս փորձարկումը հաջող անցնի, եւս շուրջ մեկ տարի կանցնի, նախքան օգտագործման համար պատվաստանյութի հասանելի դառնալը:
ԱՄՆ-ում անցյալ ամիս մեկնարկել էին կորոնավիրուսի դեմ մեկ ուրիշ պատվաստանյութի անվտանգության հետազոտությունները, որը մշակել էր National Institutes of Health and Moderna Inc-ը: