ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարով
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով:
Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին:
Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետեւել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է հարցը: Համակարգը զանգը կուղորդի ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, ով կպատասխանի քաղաքացու հարցին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծն աշխատում է խիստ ծանրաբեռնված, հորդորում ենք քաղաքացիներին ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում զանգահարել 011 300 114 հեռախոսահամարով՝ համապատասխան մասնագետից պատասխան ստանալու համար:
Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով: