Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվում 2 տարեկան երեխա կա
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվում 2-3 տարեկան երեխա եւ 89-ամյա տարեց մարդ կա: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այս մասին հայտնել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին:
«Հիգիենիկ օգնության ցուցաբերումը, դեղերի տրամադրումը եւ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված պացիենտներին կերակրելը շատ դժվար գործընթաց է: Հիմա արդեն երկրի բոլոր շրջաններում գրանցված են կորոնավիրուսով վարակման փաստեր: Եվ եթե անցյալ շաբաթ մենք վարակման փաստերի մասին խոսում էինք՝ օգտագործելով միանիշ թվեր, ապա այս շաբաթ այդ թվերը երկնիշ են դարձել: Մեր հիվանդանոցները տարողունակ են: Մենք որոշել ենք, որ անկախ ախտանիշներից կամ դրանց բացակայությունից, բոլորին, ում թեստերը դրական են, տեղավորելու ենք 22 հիվանդանոցներում, ներառյալ մարզերը: Մենք երկամսյա փորձ ունենք:
Մենք կարող ենք ասել, որ նրանց վիճակը, որոնք ցանկացել են իբր գրիպից տանը բուժվել, ի վերջո վատ է: Նա, ով այսօր իրեն լավ է զգում, վաղը կարող է իրեն շատ վատ զգալ: Այդպիսի մարդկանց վերահսկողության տակ պահելով՝ մենք պահպանում ենք նաեւ նրանց ընտանիքների անդամներին: Մեր հնարավորություններն այսօր դա թույլ են տալիս: Բայց եթե վարակվածների ամենօրյա վիճակագրությունը մեծանա մինչեւ եռանիշ թվեր, ապա անչափ ծանր իրավիճակ կստեղծվի: Կորոնավիրուսով վարակվածների թվում ունենք 2-3 տարեկան երեխա եւ 89-ամյա տարեց մարդ: Այս վիրուսով վարակումը սահմաններ չի ճանաչում»,- ասել է կազմակերպության ղեկավարը: