Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը սպասարկում է միայն կորոնավիրուսով վարակվածներին. Գոչունյան
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցը վերածվել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող հիվանդանոցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
«Սուրբ փրկիչ հիվանդանոցը արդեն հռչակված է պանդեմի հիվանդանոց, այն սպասարկում է կորոնավիրուսով վարակվածներին: Շատ մեծ ծառայություն է մատուցում հիվանդանոցը եւ միակն է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հիվանդանոցներից, որը դարձել է համաճարակի հիվանդանոց եւ վարակակիրներ է ընդունում, շատ թափով աշխատանք է այնտեղ ընթանում: Համայնքում հայտնի են մոտ երկու տասնյակ վարակվածներ,որոնք գտնվում են ինչպես հայկական հիվանդանոցում, այնպես էլ քաղաքի այլ հիվանդանոցներում: Համայնքում խուճապային տրամադրություններ չկան, կա զգուշավորություն»,-ասաց նա:
Գոչունյանի խոսքով` Հայաստանի քաղաքացիների շրջանում իրենց տեղեկություններով չկան դեպքեր, որոնք ցանկացել են վերադառնալ հայրենիք եւ չեն կարողացել, չնայած որ ցանկության դեպքում էլ չեն կարող վերադառնալ, քանի որ թռիչքներ այս պահին չկան:
Նա նշեց, որ համայնքում ապրող տարեցների, կարիքավորների համար սոցիալական օգնության ծրագիր է իրականացվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում կորոնավիրուսային հիվանդությամբ 1 ազգությամբ հայ տարեց տղամարդ է մահացել: