Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 584-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 584-ի. մեկ օրվա ընթացքում վարակվել է 63 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբին:
Ավելի վաղ շտաբը հաղորդել էր 521 վարակվածի մասին:
«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 63 նոր դեպք: Այդ մարդիկ տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներ: Նրանցից 14-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 21-ի վիճակը՝ միջին ծանրության: Մնացածի առողջական վիճակը կայուն է»,-հայտնել են շտաբից:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը որպես պանդեմիա: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն գրանցված է վարակվելու ավելի քան 1.05 միլիոն դեպք, մահացել է շուրջ 57 հազար մարդ: