Կորոնավիրուս. Ֆրանսիայի բանտերից 266 բանտարկյալ է ազատ արձակվել
Ֆրանսիական բանտերում բանտարկյալների թիվը նվազել է: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 16-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 6.266 մարդ է ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով աղբյուրներին Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում:
Ապրիլի 1-ի դրությամբ Ֆրանսիայի 188 բանտերում կար 66309 բանտարկյալ, իսկ մարտի 16-ին այդ թիվը 72 575 է կազմել: Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է, նախեւառաջ, արդարադատության նախարարության նախաձեռնած վաղաժամկետ ազատման արշավով, եւ, երկրորդը, նրանով, որ համաճարակի ֆոնին երկրում իրավական ապարատն ավելի դանդաղ է աշխատում եւ ավելի քիչ նոր բանտարկյալներ են բերվում: .
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն մարտի 20-ին հայտարարել էր, որ աշխատում է հիվանդություն ունեցող բանտարկյալների` բանտերից վաղաժամկետ ազատման խնդրի ուղղությամբ եւ նրանց, ում ժամկետը մոտենում է ավարտին: Այս միջոցը ձեռնարկվում է «արտակարգ սանիտարական դրության մասին» օրենքի շրջանակներում, փոխանցում է RFI-ն:
Մարտի 3-ին Պատիժների իրականացման ազգային ծառայությունում հայտարարել էին, որ 48 դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 925 մարդ մեկուսացման մեջ է, 300-ից ավել մարդ դուրս է եկել երկշաբաթյա կարանտինից: Բանտերի աշխատակիցների շրջանում հայտնաբերվել է վարակման 114 դեպք, 931 մարդ մեկուսացված է, շուրջ 400 մարդ դուրս է եկել կարանտինից:
Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում ազատել այն դատապարտյալներին, ում ազատմանը մնացել է 6 ամիս: Այս պահի դրությամբ, AFP-ի փոխանցմամբ, նախարարությունն ազատ է արձակել նրանց, ում պաշտոնական ազատմանը երկու ամիս կամ ավելի քիչ էր մնացել: Իրավապաշտպանները նաեւ կողմ են հանդես գալիս, որպեսզի դատապարտյալներին դիմակներ եւ ախտահանիչ գելեր տրամադրվեն: