ԱՄՀ ղեկավարը հայտարարել է «մարդկության համար ամենամութ ժամանակի» մասին. «Ամերիկայի Ձայնը»
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները նախազգուշացրել են համաշխարհային ռեցեսիայի մասին: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան արգելակել է համաշխարհային տնտեսությունը:
Նա նախազգուշացրել է, որ համաճարակը «շատ ավելի վատ» ռեցեսիայի մեջ է նետել աշխարհը, քան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Գեորգիեւան իրավիճակը որպես «մարդկության համար ամենամութ ժամանակ» է որակել: Նա հարուստ երկրներին կոչ է արել օգնել զարգացողներին, որպեսզի նրանք կարողանան դիմակայել համաճարակի ազդեցությանը: Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում, որպեսզի պարտատեր պետությունները չշտապեն պահանջել պարտքերը վարկառու պետություններից:
Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալփասը LinkedIn ցանցում գրել է. «Մենք խոշոր գլոբալ ռեցեսիա ենք ակնկալում»:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ, ավելի քան 53 հազար մարդ մահացել է: